Հայրական կողմի արմատներիս մասին
Մեր մեծերի հիշողությամբ իմ գերդաստանի ամենամեծ պապի անունը՝ պապիկիս պապի հայրը, եղել է Գրիգոր Դալլաքյանը: Իմ պապիկի տատիկի պատմելով՝ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը գտնվում է պատմական Հոռեկա վանքի մոտակայքում: Հայ-թուրքական նախկին պատերազմներից մեկի ժամանակ, Թալիշ գյուղի բնակիչները գաղթել են Վրաստանի Բոլնիս Խաչեն գյուղ: Այնուհետև, պատերազմների դադարից հետո՝ խաղաղ ժամանակ, Բոլնիս-Խաչեն գաղթած թալիշցիների մի մասը, որոնց թվում էր նաև Գրիգոր պապը, վերադարձել են իրենց հայրենի գյուղ: Այդ ժամանակ Թալիշ գյուղի և շրջակայքի գյուղերը գտնվում էին Գյուլիստանի մելիքության կազմում: Երկար ժամանակ գյուղացիները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և շենացնում էին իրենց հայրենի Թալիշ գյուղը: Գրիգոր պապը ունեցել է երկու որդի՝ մեկի անունը Սիմոն, մյուսինը՝ նույնպես Գրիգոր: Սիմոն պապը ունեցել է չորս զավակ՝ երեք տղա և մեկ աղջիկ: Տղաները՝ Բագրատ, Սոկրատ և Ալեքսանդր, իսկ աղջիկը՝ Շուշանիկ: Ալեքսանդրը իմ պապիկի հայրն է: Սիմոն պապի երեք որդիներն էլ մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին: Բագրատ պապը մասնակցել է Վորոնեժի մատույցներում իրականացված ռազմական գործողություններին, Սոկրատ պապը կռվել է Բելոռուսիայի Բրյանսկի պարտիզանական ջոկատում, իսկ Ալեքսանդր պապը մասնակցել է 89-րդ Թամանյան դիվիզիայի կողմից մղվող մարտերին: Ալեքսանդր պապը ունեզել է երեք որդի և մեկ դուստր: Նրանցից մեծը իմ պապիկն է, որի անունը Ֆելիքս է: Նա ամուսնացել է իր համադասարանցի Էլմիրա անունով աղջկա հետ, նրանք երկուսն էլ ծնվել են Թալիշ գյուղում և դպրոցն ավարտելուց հետո երկար տարիներ ապրել են Երևանում, ունեցել են որդի (իմ հայրը) և դուստր:
Տատիկիս մասին
Տատիկս նույնպես ծնվել է Թալիշ գյուղում: Նրա հայրիկի անունը եղել է Հայկազ, իսկ ազգանունը՝ Սահակյան: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ժամանակ ստացել է լուրջ վնասվածք՝ կորցնելով աջքը: Նա ունեցել է կապիտանի կոչում: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է իր հայրենի գյուղ՝ Թալիշ, աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ կարճ ժամանակահատված աշխատել է նաև որպես զինկոմ, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է Թալիշի կոլտնտեսության նախագահի պաշտոնը: Նա աշխատել է որպես նախագահ 22 տարի և իր անբասիր աշխատանքի շնորհիվ արժանացել է նախկին ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի: Ամուսնացել է և ունեցել հինգ զավակ: Նրա ղեկավարման տարիներին Թալիշը բարգավաճել է, քանի որ ունեցել է բավականին լավ կազմակերպչական ջիղ և խստապահանջ բնավորություն:
Մայրական կողմի արմատներիս մասին
Մայրական կողմիս մասին այդքան շատ բան հայտնի չէ, բայց կարող եմ ասել, որ մայրիկիս հոր պապը 1918 թվականի կոտորածի ժամանակ տեղահանվել է Կարսից: Կարսից գաղթելուց հետո նրանք հաստատվել են Արևելյան Հայաստանում և բնակություն հաստատել Երևանին կից բնակավայրում:
Մայրիկիս հոր պապը բնակվել է Արծվաշենում (նախկին Բաշքենդ): Արծվաշենում հիմնականում բնակություն են հաստատել Արցախի Ջրաբերդ գավառից գաղթած հայերը: Նրանք թողնելով իրենց օջախները՝ տեղափոխվել են Արծվաշեն: Սակայն 1992 թվականի օգոստոսին Ադրբեջանը գրավեց Արծվաշենը, որտեղից տեղահանված բնակչությունը /մոտավորապես 60-70 տոկոսը/ գաղթեցին Ճամբարակ (Կրասնոսելսկ) քաղաք, ինչպես նաև Դրախտիկ գյուղ: