Posted in Գրականություն 9, Դասեր

Ավելորդը

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Հաճի աղան հակասական կերպար է․ արտաքինից նա կարգապահ, խնայող, աշխատասեր ու ընտանիքի հոգսերով ապրող մարդ է։ Սակայն նրա ներաշխարհում իշխում են սառնասրտությունն ու եսասիրությունը։ Նա մարդկանց գնահատում է օգտակարության չափանիշով՝ մոռանալով մարդկային արժանապատվության և հոգևոր արժեքների մասին։ Նրա համար կարևորը նյութական ապահովությունն է, իսկ մարդկային զգացմունքները, կարեկցանքը՝ երկրորդական։ Այդ պատճառով էլ նա կարողանում է նույնիսկ իր հարազատ քրոջը ընկալել որպես «ավելորդ»։

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Հաճի աղայի արարքը ոչ միայն սխալ է, այլև խորապես անմարդկային։ Դա այն պահն է, երբ մարդը կորցնում է իր մարդ լինելը և դառնում հաշվարկող էակ։ Նրա որոշումը՝ թողնել հիվանդ քրոջը վտանգի մեջ, արդարացում չունի, քանի որ նույնիսկ կյանքի ամենածանր իրավիճակներում մարդը չպետք է հրաժարվի իր բարոյական արժեքներից։ Միևնույն ժամանակ, այս արարքը ստիպում է մտածել, թե որքան հեշտ է վախի և նյութական կորստի վտանգի տակ մարդուն մոռանալ իր խղճի մասին։ Կարծում եմ, ես էլ որոշ չափով եսակենտրոն մարդ եմ, սակայն նման կերպ վարվելը կարծում եմ արժեքների և խղճի սահմաններից դուրս է։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Պատմվածքի ավարտը ողբերգական է, բայց նաև խորը իմաստ ունի։ Հաճի աղայի խելագարությունը պատահական չէ․ դա ներքին պատիժ է։ Երբ մարդը դավաճանում է իր խղճին, այդ դավաճանությունը չի անհետանում, այլ վերադառնում է որպես հոգեկան տանջանք, իսկ դա երբեմն ֆիզիկական ցավից ավելի անտանել է։ Նրա խելագարությունը խորհրդանշում է այն, որ մարդկային մեղքը չի մնում անպատիժ․ եթե մարդն արտաքուստ չի ենթարկվում պատասպանատվությամբ, ապա ներքին զգացումները տալիս են իրենց հարվածը։ Այսպիսով, ավարտը ցույց է տալիս, որ խիղճը ամենախիստ դատավորն է։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

«Ավելորդը» բառը այստեղ ունի խոր իմաստ։ Սկզբում թվում է, թե ավելորդը հիվանդ կինն է, որը չի կարող աշխատել և օգուտ տալ։ Ստեղծագործությունը բացահայտում է, որ աշխարհում ավելորդ մարդ չկա․ ավելորդ կարող է լինել միայն անտարբերությունն ու դաժանությունը։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Պատմվածքի գաղափարը մարդկային արժեքների կարևորությունն է։ Հեղինակը ցույց է տալիս, որ նյութականը երբեք չի կարող փոխարինել մարդկայինին։ Մարդու իսկական արժեքը չափվում է ոչ թե նրա ունեցածով, այլ նրա վերաբերմունքով դեպի ուրիշները։ Ստեղծագործությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդ անփոխարինելի է, և որևէ մեկին «ավելորդ» համարելը նշանակում է չհասկանալ կյանքի էությունը, չգնահատել ունեցածը։ Մարդկային կյանքը հաշվարկի ենթակա չէ․ այն արժեք է ինքնին։ Հեղինակը կարծես ասում է, երբ մարդը սկսում է մարդկանց բաժանել պետքականների և ավելորդների, այդ պահին ինքը կորցնում է իր մարդկայնությունը։ Իսկ երբ կորցնում է մարդկայնությունը, նա արդեն կորցնում է ամեն, եթե անգամ արտաքուստ թվում է, թե փրկել է իր կյանքը կամ

Posted in Գրականություն 9, Դասեր

Քելե, լաո

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

Ականջ, մրմռալ, ճամփորդական ուսապարկ, երդում, անբաժան, խենթ, խուճապ:

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

Ինչպես, արի:

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Հայրենիք, Արևմտյան Հայաստանը:

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Իմ կարխիքով բանաստեղծությունը հայրենասիրության մասին է:Որ պետք է չհանձնվել և գնալ մինչև վերջ:

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

  • Լեռնային, քարքարոտ, պատմական, արևոտ, հայկական:
  • Հինավուրց, դիմացկուն, հերոսական, կարոտալի, հարազատ:

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Posted in Գրականություն 9

Էսսե ` Սասունցի Դավիթ-Ատրպատականի ճակատամարտ

Հայ ժողովրդի պատմության ընթացքում արդարությունը և վեհանձնությունը միշտ եղել են կարևոր արժեքներ։ Դրանք ազդել են ոչ միայն հերոսների վարքի վրա, այլև ամբողջ ժողովրդի։ Իրական հաղթանակը միայն ուժը չէ այլ նաև արդար և մեծահոգի լինելը նույնիսկ դժվար պահերին։

Արդարությունը և վեհանձնությունը մեզ դեր են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ և նպաստել են ազգային մտածողության ու արժեքների ձևավորմանը

Այս գաղափարը նաև երևում ես “Սասունցի Դավիթ” պոեմի հատվածում։ Դավիթը հաղթում եմ մսրա մելիքին`պաշտպանելով իր հայրենիքը։ Սակայն դավիթը չշարունակեց կռիվը, այլ բաց թողեց զորքին` զգուշացնելով, որ եթե նրանք մի անգամ էլ գան, նա իր զորքի հետ “կելնի” նրանց դեմ։ Իր այս արարքով նա ապացուցեց իր արժանապատվությունը և բարեհոգությունը։ Նույն արժեքները երևում են մյուս պատմության մեջ։ Ատրպատական ճակատամարտից հետո Մուշեղը հաղթում է պարսկական զորքին, իսկ շապուհը թողնում է իր կանոնոցը ու գանձարանը և փախչում։ Բայց Մուշեղը վերադարձնում է շապուհի կանոնը նրան։ Շապուհը ապշում է մուշեղի արարքից և գավաթի վրա նկարել է տալիս մուշեղի պատկերը` ճերմակ ձին հեծնած։Սա ցույց է տալիս, որ հայ զորավարների համար կարևոր էր ոչ միայն հաղթանակը, այլ նաև պատիվը և մարդկային վերաբերմունքը։


Այսպիսով, թե՛ գրականության մեջ, թե՛ պատմության մեջ արդարությունն ու վեհանձնությունը մեծ դեր են ունեցել։ Դրանք օգնել են ձևավորել ազգային մտածողություն, որտեղ կարևոր են քաջությունը, ազնվությունը և մարդկային արժանապատվությունը։ Այս արժեքները մինչ այսօր մնում են հայ ժողովրդի արժեհամակարգի կարևոր մաս։

Posted in Գրականություն 9, Դասեր

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ

Բանաստեղծությունը պատմվում է որդու անունից։ Որդին հիշում է իր ծեր մորը՝ նրա դեմքը, խորշոմները և այն, թե ինչպես է նա նստած տան դիմաց թթենու ծառի տակ։ Նա պատկերացնում է, թե ինչպես է մայրը լուռ ու տխուր հիշում անցած տարիները և մտածում իր մասին։ Մայրը չգիտի՝ որդին որտեղ է, ողջ է, թե ոչ, և ինչ դժվարությունների միջով է անցել։ Որդին հասկանում է, որ մայրը անհանգստանում է իր համար և տխրում է նրա բացակայությունից։ Բանաստեղծության մեջ արտահայտվում են որդու մեծ սերը, հարգանքը և կարոտը մոր հանդեպ, ինչն ընդգծվում է «մայր իմ անուշ ու անգին» կրկնվող արտահայտությամբ։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ մոր և որդու կապը շատ ուժեղ է, և մոր սերը միշտ մնում է անսահման։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ 

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ 

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։ 

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենց արտահայտում է իր խոր սերը հայրենիքի՝ Հայաստան նկատմամբ։ Նա նկարագրում է Հայաստանի բնությունը, մշակույթը և պատմությունը՝ ցույց տալով, որ հայրենիքը մարդու համար ամենաթանկն է։ Բանաստեղծը սիրում է հայրենի երկրի երկինքը, ջրերը, քաղաքները և ժողովրդի երգերը։ Նա հիշատակում է նաև հայ մշակույթի մեծ ներկայացուցիչներին՝ Գրիգոր Նարեկացի և Նահապետ Քուչակ, ինչպես նաև հայրենի բնության խորհրդանիշը՝ Մասիս սարը։ Չնայած պատմության դժվարություններին և ցավերին, բանաստեղծը շարունակում է սիրել իր հայրենիքը։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ հայրենիքի հանդեպ սերը հավերժ է և անսահման։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտն այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս բանաստեղծությունում նկարագրվում է հայրենիքի գեղեցկությունը՝ ձյունապատ լեռներ, կապույտ լճեր և երկինք։ Մենակության մեջ նա զգում է կարոտը հայրենիքի և հոգևոր կապը նրա հետ։ Պատկերներն ու զգացումները ցույց են տալիս, որ հայրենիքը մշտապես կանչում և ոգեշնչում է մարդուն։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված— վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար— էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես— հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ— մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենցը արտահայտում է իր խոր կարոտն ու սերը հայրենի Կարսի նկատմամբ։ Նա հիշում է տունը, այգիները և հայրենի երկինքը, սակայն ստիպված է քայլել օտար քաղաքներով՝ շրջապատված անծանոթ դեմքերով և կյանքի աղմկոտ իրականությամբ։ Բանաստեղծը ներկայացնում է նաև կյանքի դժվարությունները, անհավասարությունը և հոգևոր ծանրությունը, բայց իր սիրտը լի է հիշողություններով, մանկության սիրելի մարդկանց հանդեպ կարոտով ու ներքին երազներով։ Չարենցը գտնում է հոգևոր ազատություն՝ իր բարձր ու աստղային երազների ճանապարհով, և ցույց տալիս, որ նույնիսկ դժվարությունների մեջ հայրենիքի հիշողությունն ու հոգևոր կերտած ուղիները պահպանում են մարդուն և տալիս ներքին խաղաղություն։

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենց խոսում է կյանքի անընդհատ փոփոխությունների և անցողիկության մասին։ Գարունն ու վարդերը, ինչպես նաև սերը և սրտի խոցված զգացմունքները խորհրդանշում են նոր կյանքը և շարունակությունը, որը չի մոռանում անցյալը։ Չարենցը ցույց է տալիս, որ տարիներ են փոխվում, մարդիկ փոխվում են, բայց բնությունը, սիրո հիշողությունը և մարդու զգացմունքների հիմքը մնում են՝ ասես աստիճանաբար անցնում են, բայց ուղիղ կապ են ստեղծում կյանքում և մահվան հետ։ Բանաստեղծության մեջ գերեզմանին ու մարմարաքարին անդրադարձը հիշեցնում է, որ կյանքի անցողիկությունը համատեղվում է անմահ հիշողության հետ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Սասնա ծռեր

  1. Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։ 

    • Ջուրը կյանքի ու զորության սկիզբն է։ Էպոսը սկսվում է ջրից: Այն մաքրում է, բուժում և ուժ տալիս հերոսներին։
  2. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

    • Բոլոր ճյուղերում կանայք իմաստուն են, հպարտ և տոհմի պահապանը։ Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև հերոսների հավասարազոր խորհրդատուն ու թիկունքը։
  3. Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։ 

    • Նրան սիրում են, որովհետև նա 
      միամիտ է, բարի ու շատ ուժեղ։ Նա չի ստում, չի խորամանկում և միշտ պաշտպանում է խեղճերին։
  4. Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։  
    • Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելը նշանակում է, որ նրա ժամանակը դեռ չէր եկել։ Նա ուժեղ և արդար հերոս էր, բայց աշխարհը այլևս չէր համապատասխանում այդ արժեքներին, ու նա չէր կարող ապրել մարդկանց մեջ։ Այդ պատճառով Մհերը չի մահանում, այլ փակվում է քարի մեջ՝ սպասելով այն օրին, երբ աշխարհը նորից արդար կդառնա։ Հայ ժողովուրդը էպոսը այսպես է ավարտել, որպեսզի ցույց տա, որ հերոսական ուժը չի կորչում, այլ պահվում է ապագայի համար։ Այս ավարտը հույսի խորհրդանիշ է: Երբ ժողովուրդը դժվարության մեջ լինի, հերոսը կարող է վերադառնալ։
Posted in Գրականություն 9, Դասեր

Թմկաբերդի առումը և Նադիր շահ: Ժամանակ և տարածություն

Ժամանակն ու տարածությունը կարևոր դեր ունեն մարդու կյանքում, քանի որ դրանք օգնում են հասկանալ ոչ միայն տեղի ունեցած դեպքերը, այլ նաև դրանց իմաստը։ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության հատվածը և Նադիր շահի գործունեության մասին նյութը ներկայացնում են տարբեր իրավիճակներ, սակայն երկուսն էլ խոսում են իշխանության, հավատարմության և մարդու կատարած ընտրությունների մասին։

«Թմկաբերդի առումը»-ում բերդի անկումը տեղի է ունենում դավաճանության հետևանքով։ Ամրոցը, որը պետք է պաշտպաներ իր բնակիչներին, կործանվում է ներսից։ Հաղթանակից հետո Շահը հասկանում է, որ աշխարհում ոչինչ հավերժ չէ․ ոչ փառքը, ոչ ուժը, ոչ էլ մարդկանց վստահությունը։ Այս հատվածում բերդը դառնում է պատվի և հավատարմության խորհրդանիշ, իսկ նրա անկումը ցույց է տալիս, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մեկ սխալ ընտրությունը։ Թաթուլը ներկայացվում է որպես ազնիվ և քաջ մարդ, և նրա կերպարը ավելի է ընդգծում մատնության անարդարությունը։Նադիր շահի գործունեության մասին նյութում երևում է այլ իրավիճակ։ Նա կարողացավ հաղթել թշնամիներին և Արցախում ստեղծել այնպիսի կառավարման ձև, որի շնորհիվ մելիքները պահպանեցին իրենց իրավունքներն ու ինքնուրույնությունը։ Արցախը դարձավ կազմակերպված կառավարման կենտրոն, որտեղ որոշ ժամանակ պահպանվեց կայունություն և կարգ։ Սակայն նրա մահից հետո այդ համակարգը թուլացավ, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ ուժեղ իշխանությունը միշտ չէ, որ երկար է պահպանվում։Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ ժամանակը փոխում է ամեն ինչ, իսկ տարածքը դառնում է այն վայրը, որտեղ բացահայտվում են մարդկանց իրական արժեքները։ Մի դեպքում դավաճանությունը բերում է կործանման, մյուս դեպքում խելամիտ կառավարումը ստեղծում է կայունություն։ Սակայն երկուսն էլ ապացուցում են, որ ամեն ինչ կախված է մարդու վարքից և պատասխանատվությունից։

Այսպիսով`ներկայացված դեպքերը փոխանցում են ընդհանուր մի գաղափար․ ժամանակները փոխվում են, բայց հավատարմությունը, ազնվությունն ու ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտությունը միշտ նույնն են մնում։ Այդ պատճառով դրանք կարևոր են ոչ միայն իրենց ժամանակաշրջանի, այլ նաև մեր օրերի համար։

Posted in Գրականություն 9, Դասեր

Սասունցի Դավիթ

Ընթերցել  Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։ 

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 

1.Ի՞նչ է էպոսը։

Էպոսը ժողովրդական մեծ պատմություն է, որտեղ պատմվում է հերոսների, նրանց ուժի և հայրենիքը պաշտպանելու մասին։ Այն ստեղծում է ժողովուրդը շատ տարիների ընթացքում։

2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 

Էպոսը կազմված է 4 մասից, որոնց անվանում ենք «ճյուղեր»։

3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։

  • 1-ին ճյուղ (Սանասար և Բաղդասար) – Երկու եղբայրներ են, որոնք ջրից ուժ են ստանում, կառուցում են Սասուն քաղաքը և հիմնում իրենց տունը։
  • 2-րդ ճյուղ (Մեծ Մհեր) – Նա շատ ուժեղ էր։ Իր ձեռքերով առյուծին երկու կես է արել, դրա համար նրան ասել են Առյուծաձև Մհեր։
  • 3-րդ ճյուղ (Սասունցի Դավիթ) – Ամենասիրված հերոսն է։ Նա կռվել է Մսրա Մելիքի դեմ և հաղթել թշնամուն՝ ազատելով հայերին հարկերից ու գերությունից։
  • 4-րդ ճյուղ (Փոքր Մհեր) – Դավթի որդին է։ Նա անմահ է, բայց քանի որ աշխարհում չարությունը շատ էր, նա փակվել է Ագռավաքար ժայռի մեջ և սպասում է արդարության գալուն։

4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 

Բոլոր հերոսները՝ունեն հսկայական ուժ, շատ անվախ են, շատտ են սիրում իրենց հայրենիքը և պայքարում են արդարության համար։

    5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 

    Իմ սիրելի հերոսը Սասունցի Դավիթն է։ Նա շատ բարի է, չի սիրում թաքուն հարձակվել և միշտ զգուշացնում է թշնամուն կռվից առաջ։ Նա իսկական հերոսի օրինակ է։

    Posted in Գրականություն 9, Դասեր

    Այծեմնիկը և Թմկա տիրուհին

    Պատմության ընթացքում եղել են շատ կանանց կերպաարներ, որոնք ազդել են իրենց ժողովրդի ճակատագրի վրա: Այդ կանանցից էին Թմկա տիրուհին և Այծեմնիկը: Չնայած, որ Թմկա տիրուհին, սկզբում, երբ Թաթուլ իշխանը գնացել էր պատերազմի մնում էր նրան հավատարիմ, ի վերջո նրան դավաճանեց` ծանր ընտրության առջև լինելու պատճառով: Իսկ Այծեմնիկը, չնայած որ կանգնած էր երկու քայլի առջև, Թմկա տիրուհու պես, թողնել Անի քաղաքը թուրքերին, թէ՞ պայքարել մինչև վերջ:

    Թմկա տիրուհու և Այծեմնիկի կերպարները ցույց են տալիս մարդու ընտրության կարևորությունը ծանր պահին:

    Թաթուլ իշխանի գնալուց ոչ ուշ եկավ Նադիր շահը և դրդեց Էմկա տիրուհուն այդ քայլին` դավաճանությանև: Դավաճանությունից հետո Թմկա տիրուհին բացեց դարպասները դեպի բերդ թշնամիների դիմաց: Այդ դավաճանությ արդյունքում Թմկա տիրուհին շահագռգության պատճառով կորցրեց ինքն իրեն և դավաճանեց իր հայրենիքը, ինչպես դավաճանեց իր ամուսնուն: Իսկ Այծեմնիկը ամբողջությամբ հակասում է Թմկա տիրուհու կերպարին: Նա շատ հայրենասեր և հպարտ կին էր, որը մինչև վերջ պայքարեց Անի քաղաքի ազատագրման համար: Նա պայքարում էր իր անձնուրացությամբ և հպարտությամբ: Իմ կարծիքով, համեմատելով Այծեմնիկի և Թմկա տիրուհու կերպարները, կարելի է ասել, որ Թմկա տիրուհին դավաճանեց ոչ միայն իր հայրենիքին, այլ նաև դավաճանեց իր անվանը և ճակատագրին: Իսկ Այծեմնիկը բարձր պահելով իր անունը ապացուցեց իր հայրենասիրությունը և հպարտությունը:

    Այսպիսով` համեմատելով Թմկա տիրուհու և Այծեմնիկի կերպարները` պետք է կարևորել արարքների լրջությունը և հետևանքները: Այս կերպարներից կարելի է ոգեշնչվել: Օրինակ կարելի է Այծեմնիկի արարքից ոգեշնչվել և գնալ մինչև վերջ, իսկ Թմկա տիրուհու կերպարից կարելի է հասկանալ, որ պետք չէ օրինակ վերցնել նրա արարքից և մտածել դրանց հետևանքների մասին: