Posted in Դասեր

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Արեգակը միայնակ աստղ չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որր հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ րնդերքում հաս­նում է մինչե 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ’ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքր Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, րստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակն րնդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջր պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

Posted in Դասեր

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Posted in Դասեր

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Posted in Դասեր

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Posted in Դասեր

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Posted in Դասեր

Այս տարվա իմ ձեռքբերումները

Ողջույն ես Մարիամն եմ: Ես 9 տարեկանն եմ: Մենք մայրենիից անցել ենք Ա. Իսահակյանի ՛՛Ահմեդի ուղտը՛՛, ՛՛Երգի հրապույրը՛՛, ՛՛Ամենապիտանի բանը՛՛, ՛՛Արագածին՛՛ ստեղծագործությունները: Սովորել ենք Համո Սահյանի ՛՛Անտառում՛՛ բանաստեղծությունը: Սովորել ենք գոյական, ածական բայի խոսքի մասերը: Նաև սովորել ենք Դանիել Վարուժանի ՛՛Գեղեցիկ սպիտակ ձիու ասպետը”:.
Ամեն հինգշաբթի անցնում ենք արևմտահայերեն ընկեր Հուրիի հետ:

Posted in Դասեր

գեղեցիկ սպիտակ ձիու ասպետը

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։