Posted in Գրականություն 9, Դասեր

Փառանձեմ թագուհի՝ հայոց պատմության անձնազոհ հերոսուհին

Հատված պատմության դասագրքից։ 

Գրե՛ք էսսե և վերնագրե՛ք։ 

Հայոց պատմության ընթացքում եղել են անհատներ, որոնք դժվար պահերին իրենց վրա են վերցրել ժողովրդի ճակատագիրը։ Այդպիսի վառ կերպարներից է Փառանձեմ թագուհին՝ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության նշանավոր դեմքերից մեկը։ Նա Արշակ II-ի կինն էր և սերում էր Սյունյաց նախարարական տոհմից։ Փավստոս Բուզանդը նրան ներկայացնում է որպես գեղեցիկ և պարկեշտ կին։ Սակայն Փառանձեմը պատմության մեջ մտավ ոչ միայն այդ հատկանիշներով, այլ իր կամքով ու քաջությամբ։

Փառանձեմ թագուհին Արշակ II-ին պարգևեց որդի՝ արքայազն Պապին, որի դաստիարակության գործում մեծ դեր ունեցավ։ Նրա շնորհիվ Պապը դարձավ հայրենասեր և պատասխանատու անձնավորություն։ Արշակ II-ի ձերբակալությունից հետո Շապուհ II-ը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմին։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց նրա խոստումներին և չընդունեց Պարսկաստան գնալու առաջարկը։ Երկիրը պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ Արտագերս անմատչելի ամրոցում։ Այնտեղ նա տեղափոխեց նաև արքունի գանձարանը և կազմակերպեց պաշտպանությունը։ Փառանձեմը իր որդուն ուղարկեց Հռոմ՝ Վաղես կայսեր մոտ օգնություն խնդրելու։ Տասնչորս ամիս շարունակ ամրոցը հերոսաբար դիմադրեց թշնամուն՝ չնայած սովին ու ծանր պայմաններին։

Այսպիսով` Փառանձեմ թագուհին իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքն ու պետականությունը։ Նա դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի առաջնորդը և կարողացավ համախմբել ժողովրդի ուժերը։ Նրա քաջությունն ու հեռատեսությունը կարևոր դեր ունեցան Մեծ Հայքի թագավորության գոյատևման գործում։ Թեև թագուհին ենթարկվեց դաժան մահապատժի, նրա հոգին մնաց անմահ։ Փառանձեմը հայոց պատմության մեջ մնաց որպես անձնազոհության և հայրենասիրության վառ խորհրդանիշ։

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Կինը որպես անհատ տարբեր ժամանակներում մեծ դեր կարող է ունենալ ազատության և պետականության պահպանման պայքարում։ Նա ընտանիքում և հասարակության մեջ փոխանցում է լեզուն, մշակույթը և ազգային արժեքները նոր սերունդներին։ Դժվար ժամանակներում կինը կարող է դառնալ ուժի ու համբերության օրինակ՝ ոգևորելով և միավորելով մարդկանց։ Նա ոչ միայն պահպանում է ազգային ինքնությունը, այլ նաև նպաստում է դրա շարունակականությանը։ Այդ պատճառով կնոջ դերը ժողովրդի գոյատևման և ազատության պայքարում շատ կարևոր է։

Leave a comment