ԻՄ ԿԱՐԾԻՔԸ, ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Բառերով դժվար է արտահայտել, թե որքան ուժեղ ազդեցություն ունեցավ այս պատմվածքը ինձ վրա։ Այն շատ խորն էր և հուզիչ։ Պատմվածքը պատմում է 50 տարեկան մարդու մասին, ով մտածում է իր կյանքի, չկատարված երազանքների և զղջումների մասին։ Նրա մտքերը ցավոտ են, բայց միևնույն ժամանակ շատ իրական։ Կարծես նա պատմում է ոչ միայն իր, այլ նաև բոլորիս պատմությունը՝ այն պահերի մասին, երբ չենք հասցնում ապրել կամ գնահատել ունեցածը։ Պատմվածքը հիշեցնում է, որ ժամանակը արագ է անցնում, և պետք է սովորենք ապրել այսօրվա մեջ՝ չվախենալով սխալվելուց։ Ես շատ տպավորվեցի հատկապես այն հատվածներով, որոնք խոսում էին անցած կյանքի մասին։ Դրանք ինձ ստիպեցին մտածել իմ սեփական անցյալի, սխալների ու երազանքների մասին։ Այս պատմվածքը կարծես հայելի լիներ, որտեղ տեսա ինքս ինձ։ Այն նաև ցույց է տալիս, որ նույնիսկ ցավոտ փորձառությունները կարող են մեզ ուժ տալ և սովորեցնել ապրել ավելի իմաստուն ձևով։ Կյանքը շարունակվում է, և ամեն պահը արժեքավոր է։ Պետք է պարզապես կարողանալ տեսնել այդ արժեքը ու վայելել այն, ինչ ունենք հիմա։ Այս պատմվածքը ինձ համար ոչ թե պարզապես պատմություն էր, այլ կյանքի մասին խոր դաս՝ լի զգացմունքով, մտքերով և անկեղծությամբ։
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈւՄ
«Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է»։
Այնքանով եմ համամիտ այս հատվածի հետ, որ ամեն անգամ ետ նայելիս թվում է, թե անցյալը ավելի քաղցր էր և անհոգ։ Եվ բոլոր իրադարձությունները կինոժապավենի նման կարող են աչքերիդ առջև երևան։ Սակայն ժամանակի ընթացքում իրադարձությունների գերքանակից ստիպված ես լինում դեն շպրտել հին օգտագործված կինոժապավենը, որը անիմաստ տեղ է զբաղեցնում հիշողությանդ մեջ, և անկախ քեզնից՝ բոլորը մոռանում ես։
«Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ»։
Սա էլ տիպիկ հայկական ավանդույթն է ներկայացնում՝ հուղարկավորության և այլ արհավիրքների ժամանակ սեղանի շուրջ նստելը, իսկ խաշը բացառություն է այս դեպքում։
«Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան»։
Ամառը այն ժամակահատվածներից է, երբ կյանքը անհոգ և խաղաղ է թվում, այդ իսկ պատճառով մենք չենք ուզում, որ այն վերջանա։ Եվ սեպտեմբերի սկզբին շարադրության միջոցով էմոցիաները թղթին հաղորդելը կարող էր թեթևացնել երեխայի հոգեկան ներաշխարհը, դատարկել ներսի պարունակությունը և պատրաստել տառապանքներով լի նոր ուսումնական տարվան: