Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում նախատեսված և իրականացված ցեղասպանության հետևանքով զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն հայ: Հարյուր հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կորցրեցին իրենց տները, ընտանիքները և կյանքերը: Բայց ամենածանրն այն է, որ ավելի քան հարյուր տարի շարունակ այդ ոճրագործությունը շատերը փորձեցին մոռացնել կամ անգամ ժխտել։
Այստեղ է, որ առաջ է գալիս ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Ճանաչումը միայն փաստի արձանագրում չէ,այլ արդարության վերականգնում։ Երբ որևէ երկիր պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է՝ հարգանք զոհերի հիշատակի հանդեպ և ճշմարտության հաստատում։ Ցեղասպանության ժխտումը կրկնակի ցավ է պատճառում, իսկ ճանաչումը դառնում է հոգեբանական և բարոյական հաղթանակ հայ ժողովրդի համար։
Այսօր ավելի քան երեսուն երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ուրիշներ։ Սա ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկանում են,որ նման ոճրագործությունները չպետք է մոռացվեն։ Ճանաչումը նաև կարևոր ուղերձ է՝ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն։
Արդարության վերականգնումը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ մարդկության։ Ցեղասպանության ճանաչումը հիշեցնում է, որ պատմական ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, և որ ցանկացած ժողովուրդ արժանի է արդարության։
Այպիսով՝ կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի ցավոտ պատմության հանդեպ հարգանք է, իսկ միաժամանակ՝ արդարության վերականգնում։ Դա մեզ ուժ է տալիս հիշելու, չմոռանալու և ապագա սերունդներին փոխանցելու, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։