Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Ղազարոս Աղայանը օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:
Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր—Պետրոսի մոտ։
1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն
մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ,
խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։