Posted in Դասեր

Բջնի Եկեղեցի

Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ:

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև ՙՄագիստրոսի ճեմարան՚ անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու օրոք:

1209թ. Վահան իշխանը վերանորոգել է Սուրբ Աստվածածին վանքը` Բջնին Իվանե և Զաքարե իշխանների կողմից սելջուկներից ազատագրելուց հետո (1201թ.): 1211 թ. տեր Վրթանեսը վանքում կառուցել է աշխարհիկ շինություններ: 1272թ. եկեղեցու հարավային մասին կից կառուցվել է թաղածածկ մատուռ: Նրա արևմտյան պատի խորշում տեղադրվել է մի մեծ խաչքար: Վանքի տարածքում կան մեծ համբավ ունեցող վարպետների բազմաթիվ խաչքարեր այդ թվում Մելիքսետ վարպետի ստեղծած երկու խաչքարեր:

Leave a comment